Ավելի քան մեկ տասնամյակ կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանը կինոարվեստի միջոցով պատմում է Արցախի, ժողովրդի անցած փորձությունների և իր հայրենի հողում մարդու ապրելու արդար իրավունքի մասին։ «Ֆիլմերի միջոցով իրականությունը պատմելը իմ ուժն է և այս կյանքում իմ կոչումը»,- ասում է ռեժիսորը։
«2020-ի հրեշտակները» ֆիլմի գաղափարը ծնվեց մարտի դաշտում, երբ Ջիվանը տեսավ բժիշկների խիիզախումն ու անհավանական քայլերը:
Պատերազմի ժամանակ հասկացա, որ որպես կինոռեժիսոր չեմ կարող այս թեման շրջանցել
««2020-ի հրեշտակները» Ֆիլմի միտքը ծնվել է պատերազմի ժամանակ, երբ Արցախի Հանրապետության տարբեր հատվածներում տեսել եմ բուժաշխատողների կատարված աշխատանքը: Դա իսկապես աննկարագրելի ազդեցություն է թողել ինձ վրա, որովհետև յուրաքանչյուրը գնացել է սխրագործության, անձնազոհության: Եվ հենց պատերազմի ժամանակ էր, որ հասկացա, ես՝ որպես կինոռեժիսոր չեմ կարող սա շրջանցել։
Իսկապես իմ տեսածով ու զգացածով հրեշտակներ էին բժիշկները պատերազմի ժամանակ»,- Tert.am Life-ի հետ զրույցում պատմեց Ջիվան Ավետիսյանն, ով պատերազմից անմիջապես հետո սկսեց հանդիպել բժիշկների հետ ու հավաքագրել իրական պատմությունները։
Ռեժիսորը կարծում է, որ ոչ միայն 2020 թվականի, այլ ընդհանրապես բոլոր պատերազմների մասնակից յուրաքանչյուր անձ մեր երկրում ավելի շատ պետք է արժանանար գնահատանքի:
«Պատահական չէ, որ օգտագործում եմ անձնազոհություն, խիզախել, խելահեղության գնալ բառերը: Նրանք կյանքեր փրկելու համար գնացել են անհավանականին:
Կուզեի, որ պատերազմի մասնակից նահատակների ընտանիքները շատ ավելի կարևորված լինեին մեր հասարակության մեջ: Դա այն չէ, որ կենացների ժամանակ հիշենք, տոնից տոն հիշենք, դա այն չէ, որ տարբեր առիթներով կարող ենք մեր խոսքը գեղեցկացնելու համար մեջբերել կամ հիշատակել»,- անկեղծացավ ռեժիսորը:
Ջիվանի կարծիքով՝ հայկական կինեմատոգրաֆը բաց է թողել շատ կարևոր դրվագներ ու անձանց:
«90-ականներին ևս բժիշկներն անհավանականն են արել: Մենք փաստացի չունենք նման մի ֆիլմ, որը 90-ականների մասնակից հայ բժիշկների մասին պատմի:
Ի վերջո անհրաժեշտությունը կա, և առաջին հերթին մեզ համար, մեր երեխաների համար, միջազգային հանրությանը պատմելու համար»,- նշում է կինոռեժիսորը:
«Վերածնվածը» չհասցրեցինք նկարել Արցախում…
Արցախը կորցնելուց առաջ ռեժիսորն արդեն սկսել էր նկարահանել «Վերապրածը» ֆիլմը, որի նկարահանումներն այդպես էլ Արցախում չիրականացան:
«Արդեն մի տեսակ բեկում կա, որովհետև Արցախում չկարողացանք նկարել։
Դժվար է հավաքել ուժերն ու շարունակել, բայց, եթե ես չէ՝ ապա ո՞վ…
Իմ մեջ այս ամենը վերջը չէ, ես հավատում եմ և իմ ամբողջ գործունեությունը փորձում եմ ծառայեցնել հենց այդ պայքարին։
Գիտեմ, շատ բարդ է։ Ամեն օր ես արթնանում եմ մեծ, ծանր հոգսերի բեռի տակ, օր-օրի ավելի շատացող, դժվարին, բայց դա ինձ չի ընկրկում, որ ես կանգ առնեմ։
Չէ՞ որ մենք ունենք ոչ միայն պարտավորության զգացում մեր նահատակների առջև, այլ նաև պատասխանատվության զգացում՝ ապագայի, մեր երեխաների առջև»,- նշում է Ջիվան Ավետիսյանն, ում համոզմամբ՝ ռեալ գործողություններ են պետք:
«Ամեն օր՝ առավոտյան 8:30-ին աշխատանքը սկսելով, մինչև ուշ գիշեր փորձում եմ իմ արվեստի շնորհիվ ինչ-որ բան բեկել: Չասեմ՝ փորձում եմ շեղել մեր ազգի պատմական ճակատագիրը, բայց փորձում եմ գոնե իմ չլռելով ինչ-որ բան անել: Եվ հենց նպատակն ու այն հիշողությունը, որ կա իմ մեջ, ուժ է տալիս»,- ասում է նա:
Հայրս լուսահոգի է, Ստեփանակերտի թատրոնը գերևարված է, շատ մարդիկ այլևս չկան…
Ջիվան Ավետիսյանի մանկությունն անցել է Արցախի Խաչմաչ գյուղում:
Շատ դրվագներ կան, որ չի մոռանա երբեք:
«Դրանք ամեն օր ինձ հետ են: Դա հիմնականում կապված է հորս հետ, մեր գյուղի՝ իմ պապական Խաչմաչի հետ։ Ես պատանի էի, երբ աշխարհը սկսում էի ընկալել: Հորս հետ զրույցները, տարբեր աշխատանքներ՝ գյուղի դաշտերում, տանը, այգում և ամեն մի քարի, թփի հիշողությունները…
ամեն ինչ ինձ հետ է: Շատ լավ եմ հիշում այն համերը, որ կապված են մեր գյուղի տան հետ՝ մուրաբաների, դոշաբի կամ հասած սև թթի համը:
Հիշում եմ այն բացվող հորիզոնը մեր գյուղի տան պատշգամբից, գրմռացող վառարանը, աղբյուր տանող ճանապարհը, զրույցները հորս հետ։